38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Համակարգչային և բջջային խաղերի հայկական աշխարհը զարգանում է

Համակարգչային և բջջային խաղերի հայկական աշխարհը զարգանում է
03.03.2015 | 12:20

«Բաց խաղ» նախագիծը Հայաստանում խաղերի ծրագրավորման ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է։ Այն ունի 5 տարվա պատմություն, որի ընթացքում ստեղծվել է բավականին մեծ համայնք, որում ընդգրկված են դպրոցականներ, ուսանողներ, start-up, խաղային և ՏՏ ոլորտում գործող այլ ընկերություններ:
Նախագիծն ունի կրթական և մրցութային ուղղվածություն։ «Բաց խաղի» շրջանակներում անցկացվում են մրցույթներ, դասընթացներ, հանդիպումներ և քննարկումներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կյանքի կոչվող նախագծի նպատակն է ստեղծել նոր միջավայր հիմնականում երիտասարդ մասնագետների համար, որոնք, իրենց առաջին քայլերը կատարելով, դուրս կգան ՏՏ ոլորտ:
Արթուր Խլղաթյանը «Բաց խաղ 2014» առաջնության մասնակիցներից է։ Մրցույթում նրա և ընկերոջ՝ Լևոն Խաչատրյանի հեղինակած «Lazy Monkeys» («Ծույլ կապիկներ») խաղը հաղթող է ճանաչվել «Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում։ Արթուրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ է, պատրաստվում է ծրագրավորող դառնալու։ Ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին ծանոթացել է «Թումո» կենտրոնում։ Մինչ այդ ընդհանրապես գաղափար չի ունեցել համակարգիչներից։ Երկու տարում կարողացել է այնպիսի հմտություններ կուտակել, որ նվաճումներ է արձանագրել «Բաց խաղ» առաջնությունում։
«Lazy Monkeys»-ը ծույլ կապիկների մասին է, որոնք ալարում են բանան հավաքել և մեքենաներ են ուղարկում այդ գործն անելու համար։ Սցենարը հումորային է ու չնայած ծույլերի մասին է, սակայն հաղթում է ամենաշատ բանան հավաքող կապիկը։ Արթուր Խլղաթյանը նշում է, որ սա իր ստեղծած առաջին խաղը չէ։ Տարբեր խաղեր է հեղինակել, սակայն դրանք վերջնական չեն։ «Lazy Monkeys»-ը պատրաստվել է ուսումնական նպատակներով։ Այն գրված չէ Android-ի, iOS-ի կամ այլ պլատֆորմի համար։ Հեղինակի տեղեկացմամբ՝ ինքը հիմա ավելի շատ web-ի ուղղությամբ է աշխատում, ունի գաղափար և ցանկանում է կյանքի կոչել այն։
«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգին արժանացած խաղում օգտագործված են Google-ի նորագույն տեխնոլոգիաները, որ երբևէ չեն կիրառվել խաղ ստեղծելիս։ Արթուր Խլղաթյանն ասում է, որ «Բաց խաղ» առաջնությունում ստացած մրցանակը շատ ոգևորող էր։ Դա ապացույցն է նրա, որ սեփական ուժերով կարող ես Հայաստանում ինչ-որ բանի հասնել։
Արթուր Խլղաթյանը խաղեր հիմնականում չի խաղում, թերևս, նախընտրում է ռազմավարական խաղեր, չնայած ընկերներն ասում են, թե դրանք ձանձրալի են։
Արթուրն ընդգծում է, որ «Թումոն» արմատապես փոխեց իր աշխարհայացքը։ Պատմում է, որ դպրոցում դասերը միօրինակ էին անցնում, ինքն առավելագույնը կարող էր դառնալ տնտեսագետ կամ հաշվապահ։ Բայց «Թումոյում» ծանոթանալով ՏՏ ոլորտին, կայքերի մշակմանը՝ հասկացավ, որ սեփական ուժերով կարող է զրոյից ինչ-որ բան ստեղծել։ ՈՒ կարծում է, որ Հայաստանում ծրագրավորում, ՏՏ ոլորտի գիտելիքներ ստանալու համար, բացի ակադեմիական կրթությունից, պետք է ինքդ քեզ վրա շատ աշխատես։ Եվ ամենալավ տեղը դա անելու համար, ըստ Արթուրի, «Թումոն» է, որտեղ սաներին ազատ են թողնում։ Հենց այդ ազատությունն էլ օգնում է ավելի շատ բան սովորելու։ Ընդ որում, տղաների հաղթանակը «Բաց խաղ 2014»-ում ոգևորել է «Թումոյի» սաներին, և շատերը պատրաստվում են մասնակցելու 2015-ին կազմակերպվելիք մրցույթին։
Արմեն Մովսիսյանն էլ իր հեղինակած «Little Leo» խաղով 2014 թ. «Բաց խաղ» առաջնությունում հաղթող է ճանաչվել «Լավագույն 3D լուծում» անվանակարգում:
«Little Leo»-ն ֆուտբոլիստ դառնալու երազանք ունեցող երեխայի մասին է, ում ծնողները դեմ են այդ երազանքի իրականացմանը։ Սակայն Լեոն իր մանկական պատկերացումներով, չարաճճիություններով դեմ է գնում ծնողներին՝ երազանքներին հասնելու համար։ Խաղը ստիպում է տարբեր դժվարություններ հաղթահարել՝ գնդակի իսկական վարպետ դառնալու համար։
Արմեն Մովսիսյանը նշում է, որ խաղը կթողարկվի մարտին և հույս ունի, որ հաջողության կհասնի։ «Little Leo»-ն 23-ամյա Արմենի ստեղծած առաջին խաղն է։ Աշխատել է դրա վրա մոտ 1,5 տարի։ Մեծ ուշադրություն է դարձվել գլխավոր հերոսի կերպարին։ Հիմնական շեշտը դրվել է դիզայնի վրա, որպեսզի մանկական գայթակղիչ խաղ ստացվի։ Դիզայնը, մոդելավորումն ու անիմացիան Արմենը ստեղծել է ինքնուրույն, ծրագրավորման հարցում օգնել է մասնագետը։ Ընդ որում` բոլոր գիտելիքներն ու հմտություններն Արմեն Մովսիսյանը ստացել է ինքնուրույն։
Արմեն Մովսիսյանը համամիտ չէ այն տեսակետին, թե համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում երեխաների վրա։ «Գուցե կան խաղեր, որոնք վատ են անդրադառնում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների վրա, սակայն խաղերի մեծ մասը զարգացնում է մտածողությունը, տեսողությունը և այլն»,- ասում է Արմենն ու վստահեցնում, որ իր խաղը հենց զարգացնող է, օգնում է երեխաներին նպատակադրվելու ու ամեն գնով հասնելու այդ նպատակի իրականացմանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ